Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը. Լիպարիտ Դրմեյանը` Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարության մասին

30.07.2026, 18:44
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն արձագանքել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իրեն ուղղված հայտարարությանը
Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը. Լիպարիտ Դրմեյանը` Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն արձագանքել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իրեն ուղղված հայտարարությանը և ասել, որ այս ամենը հետևում է իր քաղաքական ակտիվությանը։

«Ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում», - գրել է Դրմեյանը Facebook-յան իր էջում։

Նա նշել է, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և վստահություն հայտնել, որ իրավունքը և արդարությունը գերակայելու են։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողի հարցին, անդրադարձել է միջազգային արբիտրաժին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

«Խոոսակցություն էր տեղի ունենում, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը արբիտրաժում հաղթել է։ Երբ շենքում պարզվեց, որ մարդ ունեին, երբ այդ մարդուն շենքից դուրս հրավիրեցինք։ Բա ասում եք՝ կոռուպցիա, դա կոռուպցիա չէ՞։ Որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը դիմեց իրավապահ մարմիններին և հայտարարեց, որ հաղորդում է ներկայացնում։

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և իրավապահ մարմինները պետք է քննարկեն։ Ինչպե՞ս կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, ունեցվածքը։ Տեսնենք՝ այդ մարդը ինչ էր անում, այստեղից լուրեր ու քաղաքական դաշտին ինֆորմացիանե՞ր էր տալիս և անտրամաբանական գրություններ գրում», - նշեց Փաշինյանը։

Ավելի ուշ ՀՀ դատախազությունից 1lurer.am-ին հաստատել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել: