Վերանայվել են ավիափոխադրողների համար «օդի տուրքի» արտոնության պայմանները

11.06.2026, 15:26
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավիափոխադրողներին տրամադրվող արտոնությունների կիրառման կարգում
Վերանայվել են ավիափոխադրողների համար «օդի տուրքի» արտոնության պայմանները

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավիափոխադրողներին տրամադրվող արտոնությունների կիրառման կարգում։

Նոր որոշմամբ առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ՝ չվերթերի նվազագույն քանակի պահանջը սահմանելով IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածների համար առնվազն 40 չվերթ, վերանայել արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը, ինչպես նաև խմբագրել տեղեկատվության հրապարակման վերաբերյալ դրույթը՝ այն համապատասխանեցնելով ներկայում կիրառվող էլեկտրոնային ընթացակարգերին։

«Գործող խմբագրությամբ` ամառային և ձմեռային ժամանակահատվածներում չվերթեր իրականացնելիս սահմանված են մինիմալ չվերթերի պահանջներ` համապատասխանաբար 28 և 20 չվերթ», - նշեց ՏԿԵ նախարարի տեղեկալ Արմեն Սիմոնյանը։

Սակայն, ըստ փոխնախարարի, գործնականում որոշ ավիափոխադրողներ կարող են տվյալ ուղղությամբ առավել մեծ թվով չվերթեր իրականացնել միայն տարվա մեկ սեզոնի ընթացքում (օրինակ՝ ամառային կամ ձմեռային ժամանակահատվածում), իսկ մյուս սեզոնի ընթացքում՝ չիրականացնել կամ իրականացնել սահմանվածից պակաս չվերթեր։

Սիմոնյանը նշեց, որ 2026 թ. մայիսի 6-ին ուժի մեջ մտած փոփոխություններով վերանայվել է նաև արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը՝ նախկինում նախատեսված 24 ամսով մեկանգամյա երկարաձգման փոխարեն սահմանելով արտոնության ժամկետը մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ 24 ամսով երկարաձգելու հնարավորություն։

Նա նաև հիշեցրեց, որ 2019 թվականից մեկնարկած օրենսդրական փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել օդային ճանապարհով նոր ուղղություններով չվերթներ իրականացնելիս՝ օգտվել պետական տուրքի, այսպես կոչված՝ «օդի տուրքից» ազատվելու արտոնությունից, որը, համաձայն օրենքի՝ կազմում է 10 հազար դրամ։

«Այդ պահից սկսած մենք ունեցանք բավականին լավ դինամիկա աշխարհագրության ընդլայնման, և այդ դինամիկան շարունակվեց։ 2023-2024 թվականների թվերով մենք տեսանք, որ հասել ենք որոշակի պլատոյի(հագեցվածության)` այդ որոշումների և այլ որոշումների արդյունքներով», - նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին կառավարության կողմից ընդունվեց նաև նոր ուղղություններով սուբսիդավորման ծրագիր, որից այս պահին օգտվում է երկու ավիաընկերություն, որի արդյունքում 2025 թվականին արձանագրվել է 7.5%-անոց աճ՝ 2024 թվականի նկատմամբ։