«Զվարթնոց» օդանավակայանը պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը Հայաստանի ավիացիոն ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է։
««Զվարթնոց» օդանավակայանը, կարճ ասած, չի հերիքում. պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով», - ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Վարչապետը կարևորեց նաև ավիացիոն ոլորտի այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք թույլ կտան լիարժեք իրացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներուժը, ունենալ միջազգային ավիացիոն ստանդարտներ և դրանք անընդհատ թարմացնել։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու հարցը։ Դա շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից։ Եվ, իհարկե, «Շիրակ» օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որոնք այս համատեքստում, իհարկե, կրկին դիտարկելի են», - նշեց Փաշինյանը։

