Եթե որոշեն չվերցնեն, գոնե կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան. Փաշինյանը՝ ընդդիմության մանդատների մասին

11.06.2026, 14:16
«Թե չէ գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ», – հայտարարել է Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության մասին
Եթե որոշեն չվերցնեն, գոնե կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան. Փաշինյանը՝ ընդդիմության մանդատների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նորընտիր ընդդիմադիր ուժերը խորհրդարանում մանդատներ չեն ունեցել, որ մի բան էլ վերցնեն։

«Սկզբունքորեն նրանք մանդատ չունեն էլ, որ վերցնեն։ Մնացածը նրանց որոշման դարդն է։ Եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն և կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան։ Թե չէ գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանկ։

Ընտրությունների մասին

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով: