«Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է ընտրություններից առաջ ընդդիմադիրներին, մասնավոչապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկելու մասին մամուլում տարածվող տեղեկությունը:
«Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար «որբի նման» ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի։
Ո՞վ է ում գործարք առաջարկել, Գագիկ Ծառուկյանը կխնդրի, «ստոյկա» կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։

