ՀՀ ԿԸՀ-ն պարզաբանել է խորհրդարանական ընտրություններում ընտրողների թվի վերաբերյալ տվյալների տարբերության պատճառները
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է քվեարկությունից առաջ հրապարակված ընտրողների թվի և հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփիչ փաստաթղթերում արտացոլված տվյալների միջև առկա տարբերության պատճառները։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկությանը նախորդող օրը հրապարակում է միայն ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։
Միաժամանակ, ԿԸՀ-ից նշել են, որ ընտրական գործընթացում գոյություն ունեն ընտրողների մի շարք առանձին ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից և չեն ներառվում նախապես հրապարակվող տվյալներում։
Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների, ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների, զորամասերում կազմվող ընտրողների, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոններում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակներին։
Այդ տվյալները ներառվում են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, սակայն չեն կարող արտացոլվել լիազոր մարմնի կողմից նախապես հրապարակվող ընտրողների թվում։
Հանձնաժողովը նաև հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքով զորամասերում հաշվառված ընտրողների թվի հրապարակումը որևէ ձևաչափով արգելված է։
Այս կապակցությամբ ԿԸՀ-ն կոչ է արել զերծ մնալ ընտրողների թվի վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերության շուրջ անհիմն շահարկումներից։
ՀՀ ԱԺ ընտրությունների մասին
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։
Միաժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայման գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական գործընթացի ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշումների մասին։
Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմումներ են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրատեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։

