Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա 4 զոհ և 1 տուժած

08.06.2026, 09:20
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա 4 զոհ և 1 տուժած

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն, հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի։

Փրկարարները մեկ այլ տուժածի մարմնական վնասվածքներով մոտ 600 մ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

Փրկարարները դիերը դուրս են բերել ձորից (մոտ 500 մ) և փրկարարական մեքենայով տեղափոխել երթևեկելի հատված (մոտ 2 կմ), այնուհետև՝ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

Shsamshyan.com-ն էլ, հղում անելով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների խոսքերին, հայտնել է, որ մահացածն ու վիրավորը Կապանի փոխքաղաքապետներից մեկի ազգականներն են։