Թրամփ. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ

02.06.2026, 14:45
Ամերիկյան առաջնորդը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել ևս «մի քանի կետ
Թրամփ. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը կարող են հաջորդ շաբաթ վերջնականապես համաձայնեցնել փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է»,- հայտարարել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկյան առաջնորդը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել ևս «մի քանի կետ»։

ԱՄՆ-Իրան հակամարտության մասին

Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Հնարավոր գործարքի 15 կետերը

Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ, որոնցից հիմնականներն են.

·       Իրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից և ուրանի հարստացումից։

·       Հարստացված ուրանի առկա պաշարների հանձնումը ԱՄՆ-ին։

·       Բացել Հորմուզի նեղուցը։

·       Զսպվածություն հրթիռային ծրագրի հարցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սույն թվականի մայիսի 24-ին ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ The Guardian-ը հստակեցրել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ չի հաստատել համաձայնագիրը։ Axios-ի տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է զինադադարի երկարաձգում 60 օրով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում։ Գործարքի ևս մեկ դրույթ վերաբերում է միջուկային զենքին. Իրանը պարտավոր է հրաժարվել դրա ստեղծման ծրագրերից, ինչպես նաև բանակցություններ սկսել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և հարստացված հումքի առկա պաշարների դուրսբերման շուրջ։