Ֆրանսիայում ավելի քան 1000 մարդ է մահացել ռեկորդային շոգերի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունն արձանագրել է ավելի քան 1000 մահ ռեկորդային շոգի ժամանակահատվածում։
Մահացածների մեծ մասը 65 տարեկանից բարձր անձինք են։ Գործակալությունից նշել են, որ հաշվարկը կշարունակվի ծերանոցներից տվյալներ ստանալուց հետո, գրում է «Կոմերսանտ»-ը
Հունիսի 20-ին սկսված շոգի ալիքը դարձել է ամենաինտենսիվը Եվրոպայի պատմության մեջ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը նախազգուշացրել է, որ շոգի հետևանքները կարող են զգացվել ջերմաստիճանի անկումից հետո մինչև 10 օրվա ընթացքում։
«Էպիզոդը դեռ չի ավարտվել»,- ասել է նա (մեջբերումը՝ ըստ AFP-ի)։
Շոգը տեղափոխվում է դեպի արևելք։ Ֆրանսիայի շրջանների մեծ մասում ջերմաստիճանը նվազել է, սակայն հյուսիս-արևելքում նախազգուշացումները դեռ պահպանվում են։ Անոմալ շոգը հանգեցրել է էներգահամակարգի խափանումների և ենթակառուցվածքների վնասման ողջ Եվրոպայում։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում պահպանել նախազգուշական միջոցները և ուշադրություն դարձնել տարեց մարդկանց։

