Ամերիկահայ երիտասարդը նշանակվել է Գլենդեյլի ոստիկանապետ (ՎԻԴԵՈ)

26.06.2026, 11:07
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել․ ՎԻԴԵՈ
Ամերիկահայ երիտասարդը նշանակվել է Գլենդեյլի ոստիկանապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկահայ Ռոբերտ Ուիլյամը նշանակվել է Գլենդեյլի ոստիկանապետ։

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association)՝ շնորհավորելով Ռոբերտ Ուիլյամին՝ Գլենդել քաղաքի ոստիկանապետի պաշտոնում իր պատմական նշանակման կապակցությամբ:

«Լինելով ծնունդով գլենդելցի և նվիրված պետական ծառայող՝ ոստիկանապետ Ուիլյամը դառնում է Գլենդելի առաջին ամերիկահայ ոստիկանապետը: Իր ողջ կարիերայի ընթացքում նա դրսևորել է ամուր հանձնառություն համայնքային ներգրավվածության հարցում, այդ թվում՝ Ամերիկայի հայ իրավաբանների միության հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններում, որոնք ուղղված են ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը, անվճար (pro bono) իրավաբանական ծառայությունների մատուցմանը և իրավապահ մարմինների ու համայնքի միջև վստահության ամրապնդմանը», – նշված է միության Facebook–յան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միությունից նշում են, որ Ռոբերտ Ուիլյամի առաջնորդությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը հանրային ծառայությանը նրան առավելագույնս համապատասխան են դարձնում այդ պաշտոնի համար: