Շնող գյուղում սպանության, սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Շնող գյուղում քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողների, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։
Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է։

