Գերեզմանատան մոտ մեքենայից տուփ նետած վարորդը ձերբակալվել է. տուփում առկա 210 գրամ մեթամֆետամինն առգրավվել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Դավթաշեն վարչական շրջանում համայնքային ոստիկանները կասկածելի վարքագիծ դրսևորած վարորդի ձերբակալման արդյունքում կանխել են տելեգրամյան ալիքով ձեռք բերված շուրջ 210 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի իրացումը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են մեքենային, վարորդը ստվարաթղթե տուփ է նետել մեքենայից։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման կասկածանքով տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս փաթեթ է, որը 400 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։
Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները պարզվում են։

