Գետում հայտնաբերվել է երիտասարդ քաղաքացու դի. նախնական տվյալներով նա պայմանագրային զինծառայող էր
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Տավուշի մարզում՝ Խաչաղբյուր գետում, տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ տրամադրած տեղեկատվության, հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածը 19-ամյա պայմանագրային զինծառայող Է. Ս․-ն է, որը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երիտասարդը անզգուշաբար ընկել է գետը և գլխով հարվածել քարերին։
Դեպքի առթիվ նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Իրականացվում է քննություն։

