Այնքան ենք այստեղ մնալու, մինչև մեր հարցերին հստակ պատասխան ստանանք. Ծառուկյանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների տասնյակ աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատելու հնարավորությունը և լուծել ֆինանսական խնդիրները։
Հիշեցնենք, որ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև հուլիսի 30-ին, որի ժամանակ նրանք հանդիպել էին կառավարության ներկայացուցչի հետ և ներկայացրել իրենց հիմնական պահանջները՝ ընկերությունների վերաբացում, բանկային հաշիվների կալանքից ազատում և աշխատավարձերի վճարում։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախորդ հանդիպման ժամանակ իրենց խոստացել էին քննարկել բարձրացված հարցերն ու առաջարկները, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել։
«Մեզ խոստացել էին, որ կքննարկեն մեր բողոքներն ու առաջարկները, լսեցին մեզ, ասացին՝ կփորձենք պատասխանել։ Մինչև երկուշաբթի սպասեցինք, ոչ մի բան չկա։ Այսօր այնքան ենք այստեղ մնալու, մինչև մեր հարցերին հստակ պատասխան ստանանք»,— նշեց մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն այսօր ակնկալում են հստակ պատասխան ստանալ, թե երբ են վերաբացվելու իրենց աշխատատատեղերը։
Ծառուկյանի ձեռնարկությունների մասին
Նշենք, որ 2026 թվականի հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Multi Group-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ներգրավված է խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործում։
Դրանից հետո հայտնի դարձավ հոլդինգի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի կապարակնքված ձեռնարկություններից մի քանիսի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։
Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ վերսկսելով աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։
Հուլիսի 23-ին նույնպես Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կնքված տաղավարների պատճառով առաջացած պարապուրդի դեմ։
Քննչական կոմիտեն նշել է, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում, իսկ դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։
Դրա հետ կապված՝ վարույթն իրականացնող մարմինը, հասարակական անվտանգության ապահովման նպատակով, կապարակնքել է նշված օբյեկտները։

