ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, ստորագրեց կառավարության հրաժարականը և ներկայացրեց այն նախագահին։ Մինչև նոր կառավարության ձևավորում կառավարության անդամները կշարունակեն իրենց լիազորությունների կատարումը։
Նշենք, որ կառավարության հրաժարականը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններից և նոր գումարման խորհրդարանի լիազորությունների ստանձնումից հետո նոր կառավարության ձևավորման՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով:
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունից հետո խորհրդարանը կքննարկի պատգամավորական մեծամասնության կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածությունը: Այնուհետև կձևավորվի նոր կառավարություն, որը պատգամավորներին կներկայացնի իր գործունեության ծրագիրը:
Ներկայումս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը և 64 մանդատ Ազգային ժողովի նոր կազմում:
Կառավարության հրաժարականը կրում է ընթացակարգային բնույթ և չի նշանակում կաբինետի կողմից իր պարտականությունների կատարման ավտոմատ դադարեցում՝ մինչև նոր կազմի ձևավորումը:

