Մեկնարկել է 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

02.08.2026, 10:07
Երևանում այսօր՝ օգոստոսի 2-ին, իր աշխատանքն է սկսել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը
Մեկնարկել է 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում այսօր՝ օգոստոսի 2-ին, իր աշխատանքն է սկսել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Ովքեր են անցել խորհրդարան

Խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 պատգամավորական մանդատ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12:

Ով է վարում առաջին նիստը

Հայաստանի Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն՝ մինչև խորհրդարանի նախագահի և փոխնախագահների ընտրվելը նոր գումարման առաջին նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը: Նիստը կբացի և կվարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ազգային փոքրամասնությունների քվոտայով ընտրված, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի մասնակցի 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնական հրավեր չի ուղարկվել: Նման իրավիճակ ստեղծվել է առաջին անգամ երկրի անկախության շրջանում. նախկինում Ծայրագույն Պատրիարքն ավանդաբար ներկա էր լինում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին և պատգամավորներին հղում հայրապետական օրհնության խոսք:

Կանոնակարգը

Նոր գումարման խորհրդարանի աշխատանքի եկնարկի հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը կիրակի օրը հրաժարական կտա:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի ընթացքում պատգամավորները պետք է ընտրեն խորհրդարանի նախագահին (խոսնակին) և նրա երեք տեղակալներին, որոշում կայացնեն մշտական հանձնաժողովների ստեղծման մասին, որից հետո կընտրվեն դրանց նախագահները:

Այս ընթացակարգերի ավարտից հետո խորհրդարանը կանցնի մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացրած վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: Նրա ընտրվելուց հետո կձևավորվի նոր կառավարություն, որը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի իր գործունեության ծրագիրը: