Քաղբանտարկյալների թեմայով վեճ՝ Գեղամ Մանուկյանի և Կնյազ Հասանովի միջև
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մեկնարկած 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն անցնում է լարված մթնոլորտում։
Նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի և նիստը վարող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի միջև վիճաբանություն է տեղի ունեցել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի թեմայով։
«Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր ԱԺ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի որոշումը, մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը», — ասաց Մանուկյանը։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հասանովը նշեց, որ այդ հարցերը գտնվում են դատական համակարգի տիրույթում։
«Դա կորոշի դատարանը, նրան ինչ պատիժ, ինչ կալանք՝ այստեղ որոշելու ոչ մի հարց չկա», — նշեց Հասանովը։

