ՍԱՏՄ-ն հորդորում է հանրային սննդի ոլորտին առավել զգոն լինել շոգ եղանակին․ որոնք են վտանգավոր ուտեստները
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրվող սննդային թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերթական անգամ հորդորում է հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի պահպանման և մատուցման կանոններին։
ՍԱՏՄ-ի հորդորը հատկապես վերաբերում է մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին։
Արագ փչացող բաղադրիչներն ու հիմնական ռիսկերը
Տեսչական մարմինը հորդորում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են․
- Մայոնեզ
- Թթվասեր
- Սերուցք
- Այլ արագ փչացող բաղադրիչներ
«Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ մասնագետները խորհուրդ են տալիս․
1. Սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին։
2. Մինչ մատուցելը սննդամթերքը պահել բացառապես սառնարանային պայմաններում։
3. Հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել այն ուտեստները, որոնք երկար ժամանակ մնացել են բաց միջավայրում։
Տեսչական մարմնից ընդգծում են, որ այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել քաղաքացիների առողջությունը։

