Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն անընդունելի է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան կանչելը
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն անընդունելի և դատապարտելի է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան կանչելը:
«Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել»,- ասված է Կաթողիկոս Արամ Ա-ի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»,- նշված է հայտարարության մեջ:
Քրեական գործի մասին
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վաղարշապատում, կսկսվեն քրեական գործով նախնական լսումները, որով անցնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները՝ արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանն ու Հայկազուն Նաջարյանը, ինչպես նաև եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը և Վահան Հովհաննիսյանը: Գործը քննում է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և քրեական գործով անցնող Հայաստանում գտնվող եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2026 թ.-ի փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր նախաձեռնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
ՀԱԵ առաջնորդը Սարոյանին ազատել էր ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և հնազանդության ուխտը խախտելու համար զրկել էր հոգևոր աստիճանից:
Սարոյանն այն տասը եպիսկոպոսներից մեկն է, որոնք աջակցել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԱԵ-ն բարենորոգելու» նախաձեռնությանը: Նա դիմել էր դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում: Դատարանը բավարարել էր հայցը:

