Գիտնականներն առաջարկել են կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը

06.08.2026, 21:25
Հետազոտողների խոսքով՝ մոլորակի բնական ռեսուրսները պահպանելու համար դա անհրաժեշտ է անել մինչև 2200 թ.-ը
Գիտնականներն առաջարկել են կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․     Գիտնականներն առաջարկել են մինչև 2200 թ.-ը Երկրի բնակչությունը կրճատել կիսով չափ՝ մոլորակի բնական ռեսուրսներն ու կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sustainable Development գիտական ամսագրում հրապարակված հոդվածին։

«Մենք պարզել ենք, թե ինչ աստիճանով են բնակչության գլոբալ մակարդակները (և մեկ շնչին ընկնող դրանց ազդեցությունը) 1970 թվականից ի վեր փոխկապակցված կենսաբազմազանության, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտման ութ ցուցանիշների հետ: Չնայած նման միտումները չեն սկսվել 1970 թվականին, այդ ժամանակվանից ի վեր դրանք զգալիորեն աճել են», - հոդվածում գրել են հետազոտողները՝ եզրակացնելով, որ ցուցանիշների բարելավման համար անհրաժեշտ է մինչև 2200 թ.-ը մոլորակի բնակչությունը կրճատել մինչև 4 մլրդ կամ ավելի քիչ:

Գիտնականների կարծիքով՝ բնակչության կրճատումը մինչև նշված թվաքանակը կնվազեցնի ճնշումը վայրի էկոհամակարգերի վրա և կմեղմացնի կլիմայական փոփոխությունների հետևանքները:

Հետազոտության հեղինակներն առաջարկել են հասնել բնակչության թվաքանակի կրճատմանը աստիճանական ժողովրդագրական անկման հաշվին: Նրանց կանխատեսումներով՝ առանց ընթացիկ միտումների փոփոխության, մինչև 2100 թ.-ը Երկրի բնակիչների թիվը կարող է հասնել 11,4 միլիարդի, փոխանցում է aif-ը։

РБК-ն էլ գրում է, որ շեշտը դրվում է հենց աստիճանական նվազման վրա: Մասնագետների կարծիքով՝ փոփոխությունների մեծ մասին կարելի է հասնել ցածր եկամուտ ունեցող երկրների կանանց ընտանիքի պլանավորման ծառայություններ տրամադրելու միջոցով: Մասնագետները կարծում են, որ կանանց իրավունք տալը ընտրելու, թե քանի երեխա են ուզում, կհանգեցնի ծնելիության նվազման՝ մինչև վերարտադրողական մակարդակին մոտ կամ ավելի ցածր ցուցանիշի։

«Առավելությունների թվում են՝ վայրի բնության և բնակավայրերի վերականգնումը և պահպանումը, ջերմոցային գազերի ու այլ աղտոտիչների արտանետումների նվազեցումը, ռեսուրսների շուրջ ծավալվող կոնֆլիկտների կրճատումը և մասսայական աղքատության նվազումը», - РБК-ի փոխանցմամբ, ասվում է հետազոտության մեջ: