Մենք որևէ դիրքորոշում ՀԱՊԿ-ից, որը մեզ կգոհացներ, չենք ստացել. ՔՊ-ական պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ՀԱՊԿ գործընկերներից հստակ դիրքորոշում լսել Հայաստանի որոշումների պատճառների վերաբերյալ։
«Մենք որևէ դիրքորոշում ՀԱՊԿ-ից, որը մեզ կգոհացներ, չենք ստացել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած իր պարտականությունները», —ասաց Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ`անդրադառնալով Հայաստանի` կազմակերպությունում ձայնի իրավունքից հնարավոր զրկվելու մասին հայտարարություններին։
Նրա խոսքով` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, և ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի այն սահմանները, որոնցով ՀՀ-ն անդամակցել է ՀԱՊԿ-ին։
«Մեր որոշումն է այս պահին սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին` հույս հայտնելով, որ առաջացած խնդիրները դեռև որոշակի տոկոսով հնարավորւթյուն ունեն լուծվելու», - նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Հայաստանի՝ անվտանգության այլ կառույցի անդամակցելու հնարավորությանը՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում։
«Այս պահին դուք տեսնում եք, որ ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ, ապահովի իր անվտանգությունը և ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները», - ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ Հայաստանը պատկերացնում է իրեն բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումներով։
«Այսինքն՝ կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը ի սկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ավանդ ներդնելով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես դիտարկում են այդ երկիրը որպես կազմակերպության դաշնակից: Անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են պաշտոնական Երևանի հետ համատեղ աշխատանքին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնմանն առնչվող բոլոր հարցերն առանց բացառության քննարկելու պատրաստակամությունը: «Ընդ որում, ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում», - նշել էր Մասադիկովը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկման հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
Նա նաև նշել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունից հրաժարվելը և կազմակերպության բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը Հայաստանին չեն ազատում ազգային մուծումները փոխանցելու պարտավորություններից:
Հայաստանը սառեցրել է ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին 2024 թվականին, սակայն ֆորմալ կերպով շարունակում է մնալ կազմակերպության անդամ պետություն: ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է, որ անդամ պետության կողմից երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը չմարելու դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում նրան ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

