Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ

17.08.2026, 15:28
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրյանը
Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ Ռազմական ոստիկանության պետ։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,-նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրում։

Նշենք, որ օգոստոսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և հայտարարել, որ պետք է անհատական պատասխանատվություն։

Նա հայտնել է, որ «առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։

Փաշինյանի հայտարարությունն արվել է օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու համատեքստում։ 

Նույն օրը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության  պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանը 2023-2025 թթ.-երին զբաղեցրել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանապետի պաշտոնը։  

Կարդացեք նաև․ Մեկ անձ կալանավորվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում