Telegram–ում և WhatsApp–ում «Alibaba»-ի անվամբ կեղծ հայտարարություններ ու խմբեր են տարածվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ, հայտնում են Կիբերոստիկանությունից։
«Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշում են, որ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց զերծ մնալու համար պետք է չփոխանցել գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար, չմուտքագրել բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում և չվստահել Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։

