Մոտ 33 հազ. երեխա արդեն հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով․ գործընթացը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026-27 ուսումնական տարին այսօրվանից մեկնարկել է․ ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։
Հայտագրման գործընթացը շարունակվում է. այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի 5-ից հետո։
Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի. տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։
Ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրական որևէ ժանրի կամ ուղղության․ սեպտեմբերի թեման «Սասնա ծռեր» էպոսն է։

