Սեպտեմբերի 2–5-ը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
Ինչպես հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, սեպտեմբերի 2–5–ն ընկած ժամանակահատվածում հարավ–արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5–7, հանրապետության մյուս մարզերում, այդ թվում՝ Երևանում 4–5 աստիճանով։
Նա նաև հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել։
«Ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր», – նշել է Սուրենյանը։

