Լոռիում հյուրատնից առևանգել են տղամարդու, ապա 3 կրակոց արձակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

04.09.2026, 20:25
Լոռիում զինված 4 անձ ներխուժել են հյուրատուն, առևանգել քաղաքացուն, ապա կրակել ուրիշի ուղղությամբ
Լոռիում հյուրատնից առևանգել են տղամարդու, ապա 3 կրակոց արձակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ստացվել հյուրատնից անձի առևանգման և մեկ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2026 թվականի հուլիսի 16-ին չորս անձ մտել են հյուրատան տարածք՝ այնտեղ գտնվող անձանցից մեկին գտնելու և նրա հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Վերջինիս չգտնելով՝ նրանք հանդիպել են նրա ընկերոջը, զենքի գործադրմամբ սպառնացել, հարկադրաբար դուրս բերել հյուրատնից, նստեցրել ավտոմեքենա և առևանգել։

Այնուհետև առևանգմանը մասնակցած անձանցից երեքը նկատել են այն անձին, որին որոնելիս են եղել։ Վերջինս ավտոմեքենայով երթևեկելիս է եղել։ Այդ պահին նրանցից մեկը ավտոմեքենայով փակել է նրա ճանապարհը՝ հարկադրելով նրան կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո մյուս երկուսը հրազեններով զինված իջել են ավտոմեքենայից և առնվազն երեք կրակոց են արձակել նրա ուղղությամբ։

Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տուժածի մոտ եղել է ապօրինի ձեռք բերված հրազեն և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու և հրազենի ապօրինի շրջանառության համար։

Կրակոցներից տուժած անձի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել հրազենի ապօրինի շրջանառության համար։

Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: