ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է․ Միրզոյան

07.09.2026, 21:26
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար ԵՄ-ի հետ երկրի ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ է
 ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է և Եվրոպական միության հետ երկրի ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք բարձր ենք գնահատում Լատվիայի անշեղ աջակցությունը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը և ակնկալում ենք նրա կառուցողական ներգրավվածությունը այս գործընթացի բոլոր փուլերում: Հույս ունենք, որ Լատվիայի շարունակական աջակցությամբ Հայաստանը կկարողանա առաջ մղել բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը հիմնարար նշանակություն ունի Եվրոպական միության հետ երկրի մերձեցման մեր ջանքերում», - հայտարարել է նա:

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմը բարձր է գնահատում Լատվիայի հետևողական աջակցությունը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեցող նախաձեռնություններին:

«Այս ուղղությամբ մեր համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է գործող համաձայնագրերի կյանքի կոչումը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև գործընկերության նոր ուղղությունների նույնականացումը», - նշել է նա։