Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

07.09.2026, 19:53
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով, հայտնել են ԿԳՄՍՆ-ից
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։

Միաժամանակ, դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարաններում (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):

Փոխհատուցումը կատարվում է յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: