Հայաստանի անտառների դեգրադացում․ ինչու՞ է ԱՄՀ–ն դա համարում գլխավոր խնդիր

05.09.2026, 19:37
Նույնիսկ քարտեզի վրա պահպանվելով որպես անտառային տարածք՝ անտառը կարող է աստիճանաբար կորցնել որակը և իր գործառույթներն իրականացնելու ունակությունը
Հայաստանի անտառների դեգրադացում․ ինչու՞ է ԱՄՀ–ն դա համարում գլխավոր խնդիր

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի անտառների գլխավոր հիմնախնդիր Արժույթի միջազգային հիմնադրամը նշում է ոչ թե ապանտառապատումը, այլ դեգրադացիան: Սա էական տարբերություն է. անտառի մակերեսը կարող է չկրճատվել, սակայն դրա վիճակը և բնական ու տնտեսական գործառույթներ իրականացնելու ունակությունը կարող են վատթարանալ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե հատկապես ինչ է դա նշանակում և ինչ միջոցներ է առաջարկում ԱՄՀ-ն Armenia Climate Policy Diagnostic զեկույցում:

Դեգրադացիան նույնը չէ, ինչ ապանտառապատումը

Ապանտառապատումը նշանակում է անտառի երկարաժամկետ կորուստ և անտառներով զբաղեցված մակերեսի կրճատում:

Անտառի դեգրադացիան կարող է տեղի ունենալ նաև առանց դրա մակերեսի կրճատման. վատթարանում են անտառի վիճակը, փայտանյութի պաշարները, կենսաբազմազանությունը, հողերը և բնական ու տնտեսական գործառույթներ ապահովելու էկոհամակարգի ունակությունը: Այսպիսի տարբերակումն օգտագործվում է, մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից:

Հենց սա էլ նշանակում է «անտառը կա, բայց վիճակը վատանում է» բանաձևը՝ Հայաստանում ԱՄՀ-ի կողմից մատնանշված հիմնախնդրի վերաբերյալ:

Ինչն է ճնշում գործադրում հայկական անտառների վրա

ԱՄՀ-ն առանձնացնում է Հայաստանի անտառային ռեսուրսների վրա շարունակական ճնշման երկու գործոն.

•  կախվածությունը վառելափայտից,

•  անհսկելի արածեցումը:

Հիմնադրամն ընդգծում է, որ անտառները երկրի համար ունեն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և սոցիալական նշանակություն:

Ինչու է հիմնախնդիրը նաև տվյալների մեջ

Որպես առանձին լուրջ հիմնախնդիր՝ ԱՄՀ-ն նշում է անտառների հնացած գույքագրումը և տեղեկատվական բացերը:

Առանց արդիական տեղեկատվության ավելի դժվար է հասկանալ անտառների իրական վիճակը, որոշումներ կայացնել դրանց կառավարման վերաբերյալ, վարել ածխածնային հաշվառում և վերահսկել սահմանված պահանջների պահպանումը:

Ուստի առաջնահերթ խնդիրների թվում հիմնադրամն անվանում է Անտառների ազգային գույքագրման ավարտը և տվյալների հավաքագրման համակարգերի կատարելագործումը:

Ինչ է առաջարկում փոխել ԱՄՀ-ն

Տվյալների թարմացումից բացի, հիմնադրամն առաջարկում է.

• ուժեղացնել վերահսկողությունը և պահանջների պահպանման ապահովումն անտառային ոլորտում,

• բարեփոխել վառելափայտի սուբսիդիաները՝ օգնությունն ավելի հասցեական դարձնելով խոցելի տնային տնտեսությունների համար,

• ընդլայնել անտառների պահպանման տնտեսական մեխանիզմների կիրառումը:

Վերջին կետը ներառում է վճարներ էկոհամակարգային ծառայությունների համար և զբոսաշրջության հետ կապված «կանաչ» վճարներ:

ԱՄՀ գնահատմամբ՝ նման գործիքները կարող են միաժամանակ աջակցել գյուղական բնակչության եկամուտներին, ներգրավել ֆինանսավորում և մեծացնել այն ծառայությունների տնտեսական արժեքը, որոնք ապահովում են անտառային էկոհամակարգերը:

Ինչու է սա կարևոր

Այսպիսով, անտառների հիմնախնդիրը չի հանգում միայն նրան, թե կրճատվում է արդյոք դրանց մակերեսը:

Նույնիսկ քարտեզի վրա պահպանվելով որպես անտառային տարածք՝ անտառը կարող է աստիճանաբար կորցնել որակը և իր գործառույթներն իրականացնելու ունակությունը: Հենց այդ պատճառով է ԱՄՀ-ն Հայաստանի համար առաջին տեղում դնում դեգրադացիայի դեմ պայքարը, անտառների վիճակի մասին տեղեկատվության թարմացումը և դրանց պահպանման համար տնտեսական խթանների ստեղծումը: