Հայաստանի անտառների հիմնական խնդիրը մնում է դրանց շարունակական դեգրադացումը․ ԱՄՀ զեկույց
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեգրադացիան, այլ ոչ թե անտառահատումն է Հայաստանի անտառների հիմնական խնդիրը, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Armenia: Climate Policy Diagnostic - July 2026» զեկույցում, որը հրապարակվել է 2026 թվականի սեպտեմբերի 3-ին։
ԱՄՀ-ում նշում են, որ Հայաստանի անտառներն ապահովում են կարևոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտներ, սակայն վառելափայտից կախվածությունը և անասունների չվերահսկվող արածեցումը շարունակում են ճնշում գործադրել անտառային ռեսուրսների վրա։
Անտառային գույքագրման հնացած տվյալները և տեղեկատվական բացերը, հիմնադրամի գնահատմամբ, սահմանափակում են արդյունավետ քաղաքականության ձևավորման, ածխածնի հաշվառման և պահանջների պահպանման ապահովման հնարավորությունները։
Առաջնահերթությունների թվում ԱՄՀ-ն նշում է Անտառների ազգային գույքագրման ավարտը, տվյալների համակարգերի բարելավումը, վառելափայտի սուբսիդիաների բարեփոխումը՝ խոցելի տնային տնտեսություններին առավել հասցեական աջակցություն ցուցաբերելու համար, և իրավապահպան գործունեության ուժեղացումը։
Հիմնադրամը նաև խորհուրդ է տալիս ընդլայնել տնտեսական գործիքների կիրառումը, ներառյալ էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումները և զբոսաշրջության հետ կապված «կանաչ» վճարները։
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս միջոցառումները կարող են աջակցել գյուղական բնակչության եկամուտների աղբյուրներին, նպաստել ֆինանսավորման մոբիլիզացմանը և անտառների էկոհամակարգային ծառայությունների տնտեսական արժեքի բացահայտմանը։

