Երևանում 19–20 տարեկանները վեճի ժամանակ, նկատելով ոստիկաններին, դիմել են փախուստի․ նրանց մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ

05.09.2026, 12:04
Երևանում ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ զինված 19–20 տարեկանները վիճում են
Երևանում 19–20 տարեկանները վեճի ժամանակ, նկատելով ոստիկաններին, դիմել են փախուստի․ նրանց մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմեցին փախուստի, սակայն նրանց փախուստը կարճ տևեց։ Ժամը 18․10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաև․ Լոռիում հյուրատնից առևանգել են տղամարդու, ապա 3 կրակոց արձակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ