Ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ. Սուրենյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Եղանակային առումով այս շաբաթը բավականին խաղաղ է լինելու, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ հանրապետությունը հիմնականում գտնվելու է անտոցիկլոնային դաշտի ազդեցության գոտում։
«Այսօր` սեպտեմբերի 7-ին, հետկեսօրյա ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ սեպտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ», - ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և սեպտեմբերի 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով, սակայն սեպտեմբերի 10–ից սկսած Հայաստան կրկին արևադարձային լայնություններից կներթափանցեն տաք օդային հոսանքներ։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում որքան նվազել էր, այդքան էլ կբարձրանա։ Այսինքն` սեպտեմբերի 10-12-ն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով», - հայտնեց Սուրենյանը։

