Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կնոջ պարտադրել է մինչև ուշ գիշեր մնալ դրսում, գումար վաստակել և փոխանցել իրեն. ՔԿ

07.09.2026, 15:40
Երևանի բնակչուհին մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց
Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կնոջ պարտադրել է մինչև ուշ գիշեր մնալ դրսում, գումար վաստակել և փոխանցել իրեն. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։

«Մասնավորապես՝ Ս.Դ.-ն 2 տուժողներին շուկայականից մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով կենցաղային ապրանքներ ու հագուստ վաճառելով, որպես նոր պարտք հաշվարկելով նաև ցուրտ եղանակից իբր պատսպարվելու միջոց ծառայող ավտոմեքենայի օրավարձի, ինչպես նաև ձեռք բերված նոր ավտոմեքենայի գումարները՝ խորացրել է նրանց ֆինանսական կախվածությունը։

Արդյունքում, մինչև 2026 թ.-ի մայիսը, չնայած վերջիններիս կողմից Ս.Դ-ին օրական տված գումարներին՝ նրանց պարտքերը ավելացել են` մի դեպքում 9 մլն դրամից հասնելով ավելի քան 12 մլն դրամի, մյուս դեպքում` 3 մլն-ից հասնելով ավելի քան 15 մլն դրամի», - հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ս.Դ.-ն, օգտագործելով տուժողների մոտ առաջացած ֆինանսական խոցելի վիճակն ու կախվածությունը, նրանց պահելով մշտական հսկողության տակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պարտադրել է նրանց մինչև ուշ գիշեր կամ հաջորդ օրվա առավոտ մնալ դրսում՝ իր սահմանած գումարները վաստակելու և իրեն փոխանցելու նպատակով։

Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո:

Նախաքննության ընթացքում Ս.Դ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը) (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։