«Մի բան էր, որը երբեք չեմ մոռանա». թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը՝ Հայաստանի հավաքականի կազմում առաջին մրցաշարի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պատմել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում իր առաջին մրցաշարի և դրա արդյունքի մասին։
«Billie Jean King Cup-ում հաղթելն ու հաջորդ փուլ դուրս գալը մի բան էր, որը ես երբեք չեմ մոռանա», – ասաց Ավանեսյանը երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թենիսիստուհին, որը շուրջ երկու տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականին և մասնակցել Billie Jean King Cup-ի խաղարկությանը։ Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականը նվաճել է երկրորդ խմբի ուղեգիր։
«Անչափ ոգևորված եմ և ունեմ հիանալի թիմ։ Մեր բոլոր աղջիկները շատ լավն են», – նշեց Ավանեսյանը։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ թենիսիստուհին հայտնեց, որ հաջորդ տարի ինքը և Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան կմեկնեն Բրազիլիա, որից հետո նախատեսում են մասնակցել մի շարք մրցաշարերի Ասիայում և նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Ավանեսյանը նշեց նաև, որ իր նպատակներից է Օլիմպիական խաղերին մասնակցելը։
«Պարզապես պետք է շարունակենք քրտնաջան աշխատել, մի փոքր էլ ջանք թափենք ու մեր ուղևորություններից մեկն ուղղենք դեպի Օլիմպիական խաղեր», – ասաց նա։
Թենիսիստուհին խոսեց նաև հայերեն սովորելու մասին՝ նշելով, որ արդեն սովորել է հայոց այբուբենի 22 տառ։
«Սովորում եմ հայերեն։ Նախկինում ծնողներիս հետ խոսում էի Արցախի բարբառով, բայց իրականում չէի կարողանում խոսել, որովհետև ընտանիքս սովոր էր պատասխանել ռուսերենով», – ասաց Ավանեսյանը։

