ՀՀ–ում նախատեսվում է փոխել քաղաքացիություն ստանալու պայմանները․ ռեզիդենտության ցենզը, հնարավոր է, պարտադիր դառնա նաև ազգությամբ հայերի համար

07.09.2026, 15:55
Հայաստանում նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործող կարգավորումները՝ քաղաքացիություն ստացող անձի և պետության միջև ավելի կայուն իրավական կապ ապահովելու նպատակով
ՀՀ–ում նախատեսվում է փոխել քաղաքացիություն ստանալու պայմանները․ ռեզիդենտության ցենզը, հնարավոր է, պարտադիր դառնա նաև ազգությամբ հայերի համար

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործող կարգավորումները՝ քաղաքացիություն ստացող անձի և պետության միջև ավելի կայուն իրավական կապ ապահովելու նպատակով։

Քննարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ռեզիդենտության ցենզի պարտադիր կիրառմանը։ Թեև գործող օրենսդրությամբ բնակության պահանջն արդեն նախատեսված է քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգում, քննարկվում է դրա կիրառման շրջանակի վերանայումը, այդ թվում՝ այն անձանց համար, որոնք ներկայում օգտվում են արտոնյալ կարգից, մասնավորապես՝ ազգությամբ հայերի։ 

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկները։ 

Սարգսյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ պետություն–քաղաքացի հարաբերությունները նոր տրամաբանության վրա կառուցելու նպատակով։ 

«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա տրամաբանության մեջ դնում ենք պետություն–քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն»,– նշել է նախարարը։ 

Ռեզիդենտության ցենզը կարող է դառնալ պարտադիր

ՆԳՆ-ի ներկայացրած մոտեցման համաձայն՝ ռեզիդենտության ցենզը նախատեսվում է դարձնել պարտադիր՝ քաղաքացիություն ստացող անձի և Հայաստանի միջև ավելի կայուն իրավական կապ ապահովելու համար։ 

ՆԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշել է, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործող պահանջները գործնականում «զրոյական» են։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը զգալիորեն աճել է։ 2025 թվականին դրանց թիվը գերազանցել է 32 հազարը՝ հասնելով պատմական առավելագույնի։ 

Ղազարյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիության համար դիմող Ռուսաստանի քաղաքացիների հիմնական մասը ազգությամբ հայեր են։ Նրա խոսքով՝ դիմումների աճը, մասնավորապես, կապված է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիների համար ճանապարհորդական սահմանափակումների հետ։ 

Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիությունն օգտագործվում է հիմնականում հայկական անձնագիր ստանալու նպատակով՝ որպես ճանապարհորդական փաստաթուղթ։ 

Կվերանայվեն նաև քաղաքացիության վերականգնման և դադարեցման կարգավորումները 

Ղազարյանը նշել է նաև քաղաքացիության վերականգնման ընթացակարգի վերանայման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հնարավորության վրա, երբ անձը քաղաքացիության դադարեցումից անմիջապես հետո դիմում է դրա վերականգնման համար։ 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել նաև անչափահասների, այդ թվում՝ արական սեռի ներկայացուցիչների քաղաքացիության դադարեցման կարգավորումները։ 

ՆԳ նախարարը հանձնարարել է օրենսդրական փաթեթը վերջնական տեսքի բերել և ներկայացնել հանրային քննարկման։ 

Ի՞նչ է նախատեսում գործող օրենսդրությունը 

Գործող օրենսդրությամբ քաղաքացիություն ստանալու համար բնակության պահանջ արդեն իսկ նախատեսված է, սակայն այն կիրառվում է ոչ բոլոր դիմողների նկատմամբ։ 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող 18 տարին լրացած գործունակ անձը պետք է վերջին երեք տարին մշտապես բնակված լինի Հայաստանում, կարողանա բացատրվել հայերեն և ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը։

Միաժամանակ օրենքը նախատեսում է մի շարք բացառություններ։ 

Մասնավորապես, ազգությամբ հայ անձը կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց երեք տարվա մշտական բնակության, հայերենով բացատրվելու և Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջների։

ՀՀ քաղաքացու հետ վերջին երկու տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ գտնված անձը կարող է օգտվել արտոնյալ կարգից, եթե այդ ժամանակահատվածում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել է Հայաստանում։ 

Առանձին հիմքեր են նախատեսված նաև ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունեցող անձանց համար։ 

Այն անձինք, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կարող են օգտվել արտոնյալ կարգից, եթե վերջին մեկ տարին մշտապես բնակվել են Հայաստանում։ 

Առանց երեք տարվա բնակության և հայերենով բացատրվելու պահանջների կարող են քաղաքացիություն ստանալ նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո իրենց դիմումով ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած, Հայաստանում փախստական ճանաչված կամ Հայաստանում բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք։ Նրանց համար, սակայն, պահպանվում է ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջը։ 

Բացառիկ կարգով քաղաքացիություն կարող է շնորհվել նաև Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած կամ մի շարք ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող անձանց։ 

Այսպիսով, երեք տարվա մշտական բնակության պահանջն արդեն գործում է ընդհանուր ընթացակարգում, սակայն օրենքը մի շարք կատեգորիաների, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար, բացառություններ է սահմանում։ 

Թե ինչ ժամկետով և դիմողների որ կատեգորիաների համար է նախատեսվում պարտադիր բնակության պահանջ սահմանել նոր կարգավորումներով, այս պահին հստակեցված չէ։ 

Քաղաքացիության վերականգնում 

Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունը նրա դիմումով կարող է վերականգնվել, եթե բացակայում են օրենքով նախատեսված մերժման հիմքերը և քաղաքացիությունը չի դադարեցվել կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ տվյալների հիման վրա այն ձեռք բերելու պատճառով։ 

Այլ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ քաղաքացիություն չստացած անձը նույնպես կարող է դիմել ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար։ 

Անչափահասների քաղաքացիության դադարեցում 

Եթե ՀՀ քաղաքացիությունը կորցնում են երեխայի երկու ծնողները, երեխան ևս կարող է կորցնել այն, եթե ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ 

Եթե քաղաքացիությունը կորցնում է ծնողներից մեկը, իսկ մյուսը մնում է ՀՀ քաղաքացի, գործում են օրենքով նախատեսված համաձայնության լրացուցիչ պայմաններ։

14–18 տարեկան երեխայի դեպքում անհրաժեշտ է նաև նրա գրավոր համաձայնությունը։ 

Քաղաքացիությունից դուրս գալու սահմանափակումներ 

ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը կարող է մերժվել, եթե անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, առկա է կատարման ենթակա դատական ակտ, քաղաքացիությունից դուրս գալը հակասում է պետական անվտանգության շահերին կամ անձն ունի չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ։ 

Օրենքը սահմանում է նաև սահմանափակումներ՝ կապված զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության, բժշկական փորձաքննության, վարժական հավաքների և ռազմական դրության ժամանակ գործող պարտավորությունների հետ։ 

Եթե ՀՀ քաղաքացին չունի այլ պետության քաղաքացիություն, քաղաքացիությունը կարող է դադարեցվել օտարերկրյա իրավասու մարմնի գրավոր հավաստման հիման վրա, որ անձն ունի տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորություն։ 

Միաժամանակ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության կորստի։ 

Այսպիսով, քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմաններին, այլև դրա վերականգնման և դադարեցման գործող մեխանիզմներին։ 

Միևնույն ժամանակ առաջարկվող նոր կարգավորումների կոնկրետ բովանդակությունը, այդ թվում՝ պարտադիր բնակության պահանջի ժամկետներն ու դրա կիրառման շրջանակը, դեռ պետք է հստակեցվեն օրենսդրական փաթեթի վերջնականացման և հանրային քննարկման ընթացքում։