«Հայաստանը կատարյալ չէ, բայց ես ուզում եմ ապրել այստեղ». «Որտեղ» գրքի հեղինակ Կոլյա Ստեփանյանը՝ հայրենիքի և 44-օրյա պատերազմից հետո կյանքի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

09.05.2026, 16:57
Բոլոր հայերի համար խորհրդանշական օրը՝ արցախյան Շուշիի ազատագրման տարեդարձին, Երևանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Հայաստանը կատարյալ չէ, բայց ես ուզում եմ ապրել այստեղ». «Որտեղ» գրքի հեղինակ Կոլյա Ստեփանյանը՝ հայրենիքի և 44-օրյա պատերազմից հետո կյանքի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բոլոր հայերի համար խորհրդանշական օրը՝ արցախյան Շուշիի ազատագրման տարեդարձին, Երևանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մասնակցել է հեղինակի հետ քննարկմանը և հարցրել այն մասին, թե որտեղ է այսօր Կոլյա Ստեփանյանը, ինչպես է փոխվել նրա կյանքը գրքի լույս ընծայումից մեկ տարի անց, որն արդեն համեմատում են Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպի հետ, և թե ինչու է վերապրումներից հետո նա, միևնույն է, ցանկանում ապրել Հայաստանում։

«Լավ պաթոս»՝ երբ զգացմունքները չեն «սղոցում» լսողությունը

Կոլյա Ստեփանյանը պատերազմի մասին խոսում է հանգիստ, առանց ավելորդ հուզմունքի և հերոսական կեցվածքի։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է նրա «Որտեղ է Կոլյա Ստեփանյանը» գիրքն այդքան ուժեղ ազդում ընթերցողների վրա։ Նա խոստովանում է՝ նախկինում ուրախանում էր, երբ իրեն ասում էին, թե գրքում պաթոս չկա, քանի որ այդ բառն ընկալում էր որպես վատ երևույթ։ Սակայն հետո իմացավ, որ հունարենում «պաթոս» նշանակում է զգացմունք, էմոցիա։

«Ստացվեց լավ պաթոս՝ այնպիսին, որը չի սղոցում լսողությունը», - ասում է նա։ Այս պարզության հետևում հսկայական ներքին աշխատանք է. ռուսերենով հրապարակվելուց առաջ Ստեփանյանը գիրքը տասն անգամ վերընթերցել է։ Նա ցանկանում էր, որ պատմությունը լիներ ազնիվ, ճշգրիտ և կենդանի։

Կոլյան չի զղջում Հայաստան վերադառնալու, բանակում ծառայելու իր ընտրության համար, ինչն ի վերջո, նրան տարավ պատերազմ, որի հետևանքով նա հայտնվեց շրջափակման մեջ և կորցրեց երկու ոտքերը։ Նա խոստովանեց, որ երջանիկ է, քանի որ իրականացրել է գիրք գրելու վաղեմի երազանքը, գտել է իր սերը և ապրում է հայրենիքում։

Պատերազմը որպես փորձառություն, որը հնարավոր չէ դասավորել դարակներում

Այն հարցին, թե ինչ տվեցին իրեն պատերազմի 70 օրերը, Ստեփանյանը պատասխանում է ոչ թե պատրաստի ձևակերպմամբ, այլ դադարով. ամեն ինչ չէ, որ կարելի է բացատրել բառերով։ Ամենակարևորը նա համարում է սահմանային փորձառությունը՝ իրավիճակը, երբ մահը շատ մոտ է, և դրանից կյանքն ավելի սուր է դառնում։

Նա հիշում է, թե ինչպես խրամատներում անցկացրած երկու շաբաթից հետո հայտնվեց բունկերում, որտեղ կարելի էր պարզապես քնել բետոնե հատակին փռված ստվարաթղթի վրա։

«Դա իմ կյանքի լավագույն քունն էր», - ասում է նա։ Եվ հավելում՝ երջանկության համար իրականում շատ քիչ բան է պետք, պարզապես խաղաղ կյանքում մենք արագ մոռանում ենք երախտագիտության այդ զգացումը։

Պրոթեզները ոչ թե ցավ են, այլ իրականության մի մաս

Ստեփանյանը չի ցանկանում ապրել զոհի դերում։ Նա ասում է, որ հենց սկզբից դիմադրել է այդ վիճակին։ Նույնիսկ հիվանդանոցում՝ վիրահատությունից հետո, նա հաճախ ստիպված էր լինում հանգստացնել նրանց, ովքեր գալիս էին իրեն սատարելու։

«Ինձ համար պրոթեզները ցավ չեն։ Դա պարզապես իմ իրականությունն է», - ասում է նա։

Նրա խոսքով՝ ինքը գիտակցված որոշում է կայացրել ամեն առավոտ չարթնանալ սեփական մարմնի մի մասի հանդեպ ատելությամբ։

Սիրել Հայրենիքը նշանակում է ապրել հանուն նրա

Коля Степанян

Հանդիպման ամենահուզիչ դրվագներից մեկը հայրենիքի հանդեպ սիրո մասին զրույցն էր՝ առանց կարգախոսների։ Ստեփանյանն ասում է, որ ավելի կարևոր է ոչ թե մեռնել հանուն երկրի, այլ ապրել հանուն նրա՝ մնալ, աշխատել, արարել, ներդնել սեփական փոքրիկ լուման։

Նա ընդունում է, որ Հայաստանում կան խնդիրներ՝ փոխադարձ անհանդուրժողականություն, ատելություն, մշակութային հոգնածություն, կրթված մարդկանց արտահոսք։ Սակայն, նրա խոսքով, դա կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ գիտակից մարդիկ ֆիզիկապես շատ լինեն, կամ գոնե դառնան ավելի տեսանելի։

«Ասիայով ութ ամիս ճամփորդելուց հետո ես ու կինս վերադարձանք Հայաստան, որտեղ պատրաստվում ենք ապրել։ Ես առցանց անգլերեն եմ դասավանդում և բուլկիներ թխում սրճարանում», - պատմել է Ստեփանյանը։

Ընդ որում, նա քաղցրակեր չէ և չի կարող բացատրել, թե ինչու է որոշել զբաղվել հրուշակագործությամբ։

Հայաստանը կատարյալ չէր, բայց այն դրանից պակաս սիրելի չդարձավ

Ստեփանյանն ազնվորեն ասում է՝ ժամանակին Հայաստանի մասին ունեցել է ռոմանտիկ պատկերացում։ Հետագայում այն բախվել է իրականությանը։ Բայց դա չի փոխել նրա սերը երկրի հանդեպ։

Նա դա համեմատում է հասունացման հետ, երբ մարդը մի օր հասկանում է, որ իր ծնողները կատարյալ չեն։ Դա ցավոտ է, բայց սերը դրանից չի անհետանում։ Նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանի դեպքում. նա տեսավ երկրի թերությունները, բայց, միևնույն է, ուզում է ապրել այստեղ։

Սփյուռք, ուծացում և վերադառնալու ցանկություն

Պատասխանելով Սփյուռքի մասին հարցին՝ Ստեփանյանը խոսում է կտրուկ, բայց անկեղծ. նա չի հավատում դրա երկարաժամկետ ապագային Հայաստանից դուրս։ Նրա խոսքով՝ մի քանի սերունդ անց ուծացումն անխուսափելի է։

Նա խոստովանում է, որ ինքը մշակութային առումով արդեն ոչ լիարժեք հայ է և ոչ էլ ռուս, այլ «ռուսաստանաբնակ հայ»։ Հենց այդ պատճառով է նրա համար այդքան կարևոր չշարունակել ձուլման այդ ճանապարհը և թույլ չտալ, որ նույնը տեղի ունենա իր ապագա ընտանիքի հետ։

Երջանկությունը ներկա պահի մեջ է

Այսօր Ստեփանյանը խոսում է ոչ միայն պատերազմի և գրքի մասին։ Նա սովորում է հրուշակագործություն, ուզում է լավ բուլկիներ թխել, ապրել իմաստալից, զարգացնել ընտանիքը, հնարավոր է՝ ևս մեկ գիրք գրել։

Այս ամենը վերապրելուց հետո նրա առաջնահերթությունը հնչում է անսպասելի պարզ. պարտադիր չէ ամբողջ ժամանակ սխրանքներ գործել։ Երբեմն կարևոր է պարզապես լինել ներկա պահի մեջ՝ անել այն, ինչը քեզ առաջ է տանում, և զգալ, որ կյանքը շարունակվում է։