Իրանի և Իսրայելի հակամարտությունը․ կարո՞ղ է այն վերաճել մեծ պատերազմի, և ինչո՞վ է այն սպառնում Հայաստանին (ԲԱՑԱՌԻԿ)

10.03.2026, 18:02
Դիմել ենք հայ փորձագետներին՝ անդրադառնալով այն թեմային, թե կարող է արդյոք ներկայիս էսկալացիան վերածվել լայնամասշտաբ պատերազմի և ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար
Իրանի և Իսրայելի հակամարտությունը․ կարո՞ղ է այն վերաճել մեծ պատերազմի, և ինչո՞վ է այն սպառնում Հայաստանին (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի և Իրանի միջև առճակատման էսկալացիան և ԱՄՆ-ի ներգրավվածությունը հակամարտության մեջ ուժեղացրել են լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Այնուամենայնիվ, վերլուծաբանների մեծ մասը համամիտ է՝ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է սահմանափակ, թեև դրա հետևանքներն արդեն զգացվում են հակամարտության գոտուց հեռու։

Հարավային Կովկասի երկրների և, նախևառաջ, Հայաստանի համար իրավիճակն առանձնահատուկ նշանակություն ունի։ Իրանը ոչ միայն հարևան է, այլև կարևոր տնտեսական գործընկեր, որն ապահովում է երկրի տրանսպորտային և էներգետիկ կապվածությունը տարածաշրջանային շուկաներին սահմանափակ հասանելիության պայմաններում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը դիմել է հայ փորձագետներին՝ անդրադառնալով այն թեմային, թե կարող է արդյոք ներկայիս էսկալացիան վերածվել լայնամասշտաբ պատերազմի և ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար։

Սահմանափակ պատերազմ՝ գլոբալ հակամարտության փոխարեն

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումը կանխատեսելու համար կարևոր է հասկանալ, թե Իրանում որքանով է բարձր հասարակության դիմադրողականությունը արտաքին ճնշման նկատմամբ, որքանով են համախմբված էլիտաները և որքանով են աշխատում իշխանությանը սատարող սոցիալական մեխանիզմները, ինչպես նաև որքանով են ուժեղ բողոքական տրամադրությունները։

«Այս ամենը կազդի այն բանի վրա, թե ինչպես իրեն կդրսևորի Իրանը, եթե ճնշումն ուժեղանա»,- նշել է նա։

Փորձագետը քիչ հավանական է համարում պատերազմի վերածումը գլոբալ հակամարտության։

«Սա, այնուամենայնիվ, ապոկալիպտիկ սցենար է, բայց թե որքանով է այդ հավանականությունը մեծ և որքանով Իրանը կայուն կգտնվի՝ շատ դժվար է ասել։ Իրանը և՛ բնակչության թվով ու տարածքով, և՛ ռելիեֆով, և՛ շատ այլ պարամետրերով ամենևին Իրաքը, Սիրիան կամ Լիբիան չէ։ Սա այլ կերպ կառուցված հասարակություն է, պետություն, որը վերապրել է իրանա-իրաքյան պատերազմը և որտեղ կան համապատասխան ավանդույթներ»,- ասել է Իսկանդարյանը։

Հենց այդ պատճառով փորձագետը Իրանի դեմ լայնամասշտաբ ցամաքային գործողության սցենարը դիտարկում է որպես խիստ անհավանական և բացառում է քրդական տարրը։

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ Մերձավոր Արևելքի իրավիճակն արդեն ազդում է Հայաստանի վրա։

«Մերձավոր Արևելքի իրավիճակն արդեն անդրադառնում է Հայաստանի վրա, Իրանը մեր հարևաններից մեկն է։ Արդեն կան խնդիրներ բեռների ներկրման և բեռնատարների հետ կապված»,- նշել է փորձագետը։

Տարածաշրջանային հակամարտություն՝ գլոբալ հետևանքներով

Թեև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը գնահատվում է ցածր, հակամարտությունն արդեն ձեռք է բերել տարածաշրջանային բնույթ, հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։ Փորձագետը նույնպես քիչ հավանական է համարում հակամարտության աշխարհագրության ընդլայնումը։

«Իրանը բացահայտ հայտարարում է, որ շահագրգռված չէ էսկալացիայով իր սահմանների երկայնքով։ Տարածաշրջանի համար արդեն կան բացասական հետևանքներ։ Բացի գլոբալ էֆեկտներից, էներգակիրների գների աճն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա։ Նաև նկատվում են լոգիստիկ շղթաների խափանումներ. խոսքը Պարսից ծոցով անցնող երթուղիների և ասիական շուկաների հետ Հայաստանի ուղիղ կապի մասին է։ Հարավային Կովկասի հիմնական խնդիրը ներկայիս մատակարարումների և այդ շուկաներին հասանելիության հնարավոր խաթարումն է»,- նշել է Մելքոնյանը։

Ե՞րբ հակամարտությունը կարող է դառնալ գլոբալ

Պատերազմը կարող էր գլոբալ բնույթ ստանալ, ըստ Մելքոնյանի, միայն մեկ դեպքում՝ եթե դրա մեջ ուղղակիորեն ներքաշվեն այլ միջուկային տերություններ։

«Առայժմ միջուկային տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, բացահայտ հանդես չեն գալիս Իրանի կողմից և դժվար թե դա անեն»,- ասել է Մելքոնյանը։

Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է փոխվել, եթե առաջանա իրանական պետության լիակատար փլուզման կամ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության ռիսկ։

Նման դեպքում խոշոր տերությունները կարող են ավելի ակտիվ միջամտել՝ սեփական ռազմավարական շահերը պաշտպանելու համար։

Նա նաև նշել է, որ ներկայիս իրավիճակում Հայաստանի մոտ կարող են առաջանալ որոշակի դժվարություններ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով TRIPP («Թրամփի ուղի») նախագիծը, որն իրականացվում է անմիջապես իրանական սահմանի մոտ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ նախատեսվող տվյալների կենտրոնի (data-center) նախագծերը։