Հասարակական և քաղաքական գործիչները՝ նախօրեին տեղի ունեցած Փարաքարի ղեկավարի և ոստիկանի սպանության մասին
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հասարակական և քաղաքական գործիչները հայտարարություն և ցավակցական խոսքեր են հրապարակել նախօրեին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ, որի հետևանքով մահացել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
ՆԳՆ տվյալներով՝ սպանվել է Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, որը այս պաշտոնում ընտրվել էր այս տարվա մարտին, ինչպես նաև Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր և ծառայության մեջ չէր։
Վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել է և կյանքին վտանգ չի սպառնում։
Ռուբեն Ռուբինյան
«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին: Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն», -գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Տիգրան Աբրահամյան
«Իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում: Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա: Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի և սրանց ներքին ու արտաքին անվտանգության կոնցեպտը ձևավորվում է` բխելով բացառապես մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից, ինչը հանրային ու պետական շահի հետ որևէ առնչություն չունի»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
Վահագն Ալեքսանյան
«Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին և ընկերներին: Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի: Իրավապահները պետք է մաքսիմալ սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին»,- գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Անահիտ Մանասյան
«Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։ Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք: Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Արման Թաթոյան
«Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։
Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։ Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:
Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:
Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»,- գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Դավիթ Խուդաթյան
«Սարսափելի է լսել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին լուրը։ Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին։ Սպանությունը պետք է բացահայտվի, մեղավորները արժանանան խիստ պատժի»,- գրել է ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Գոհար Մելոյան
«Ինչու՞ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունուն աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաեւ ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետեւանքային գնահատականների բացակայության արդյունք է։ Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետեւանքով! Ակնկալում եմ Ձեր հետեւողականությունն այս հանցագործության բացահայտման եւ հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»,-գրել է իրավաբան, սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը։

