Հայաստանը գրեթե 25 հորիզոնականով վատացրել է դիրքերը TasteAtlas–ի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում․ պարզում ենք պատճառները

26.12.2024, 14:59
«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է ոլորտի փորձագետներին հասկանալու համար հետընթացի պատճառները
Հայաստանը գրեթե 25 հորիզոնականով վատացրել է դիրքերը TasteAtlas–ի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում․ պարզում ենք պատճառները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում Հայաստանը 2024 և 2025 թվականներին զբաղեցրել է 93-րդ տեղը՝ ըստ TasteAtlas հանրահայտ առցանց ուղեցույցի։ 2023 թվականին Հայաստանը 69-րդ տեղում էր։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ոլորտի փորձագետներին՝ պարզելու, թե ինչու է Հայաստանը հետընթաց գրանցել։

Չկոմպլիմենտ շեֆից

«Կարծում եմ, որ սա տրամաբանական արդյունք է այն բանի, որ շատ «պրոֆեսիոնալներ» չեն ցանկանում հարգել իրենց հացը։ Եվ հեղինակության, իրենց և հյուրերի նկատմամբ հարգանքի, արագ փողի միջև, ցավոք, շատերն ընտրում են փողը։ Բացի այդ, Հայաստանը միայն վերջերս, առավելագույնը 10 տարի է՝ զբաղվում է ենթակառուցվածքի կառուցմամբ և ծառայությունների ստեղծմամբ՝ զբոսաշրջիկների լուրջ ընդունելության համար», – «Նովոստի–Արմենիա» –ին տված հարցազրույցում հայտարարեց շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը։

Նա նշեց, որ Հայաստանում կան արժանի ռեստորաններ, կան եվրոպական մակարդակի ռեստորաններ, բայց դրանք շատ քիչ են։

«Իսկ զբոսաշրջիկների հոսքը, ովքեր «փորձել են» Հայաստանն ու հայկական խոհանոցը, միայն աճում է։ Եվ հաճախ ռեստորանները պարզապես չունեն բավարար ռեսուրսներ՝ այս ամենը պատշաճ մակարդակով հաղթահարելու համար։ Հայկական խոհանոցը շատ տնային է, հոգեհարազատ, բուտիկային, սրտից սրտին, և այն հնարավոր չէ հոսքի մեջ դնել»,– հայտարարեց Միրզոյանցը։

Նրա խոսքով, ամենուր, որտեղ սկսվում է mass market–ը, ավելանում է արտադրության կամ ապրանքների թիվը, այնտեղ կորում է որակը։

«Սա բիզնեսի և կյանքի օրենքն է։ Շատերը կարծում են, որ քանի որ զբոսաշրջիկները շատ են, ուրեմն այդպես կլինի, եթե մի հյուր չվերադառնա, կգա մյուսը։ Ոչ, այդպես արդեն ճիշտ չէ։ Եվ վարկանիշի 93-րդ հորիզոնականը դրա հաստատումն է»,- եզրափակեց Միրզոյանցը։

Ուրախ ենք, որ ընդգրկվել ենք ցանկում

Հայաստանի խոհարարների ասոցիացիայի խոսնակ Տիգրան Ղամբարյանը դժվարացավ հետընթացի մասին որևէ բան ասել։

«Պետք է ավելի բարձր դիրքերում լինեինք, բայց դիրքերը վատացրել ենք։ Այնուամենայնիվ, ուրախ ենք, որ ընդգրկվել ենք այս ցանկում, կփորձենք բարելավել մեր դիրքերը, լավագույնս ներկայացնել Հայաստանը համի և գույնի տեսանկյունից, քանի որ ամեն խոհանոց ունի գույն։ Ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա հայկական խոհանոցի մասին»,- ասաց Ղամբարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Վարկանիշում ներառվելն ընդգծում է Հայաստանի խոհարարական ավանդույթի բացառիկությունը

«Ուրախ ենք տեսնել Հայաստանը TasteAtlas-ի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում։ Այս իրադարձությունն ընդգծում է մեր խոհարարական ավանդույթի բացառիկությունը, որը հիմնված է բնական մթերքների, յուրօրինակ բաղադրատոմսերի և հարուստ պատմության վրա: Նման հեղինակավոր ցանկում ընդգրկվելը հաստատում է, որ հայկական խոհանոցը գրավում է միջազգային լսարանի ուշադրությունը»,- «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց EventToura-ի համահիմնադիր, Yerevan Gastronomic Days-ի կազմակերպիչ Մերի Բադալյանը։

Նրա խոսքով, Yerevan Gastronomic Days–ը նպատակ ունի ոչ միայն հայտնի դարձնել Հայաստանի յուրահատուկ համերն ու ավանդույթները, այլև երկիրը ներկայացնել որպես գաստրոնոմիկ զբոսաշրջության առաջատար ուղղություն:

«Yerevan Gastronomic Days-ի նպատակն է առաջ մղել Հայաստանը որպես համաշխարհային գաստրոնոմիկ ուղղություն և մեծացնել նրա ներկայությունը միջազգային վարկանիշերում։ Համոզված ենք, որ մեր միջոցառումը, համագործակցությունը առաջատար շեֆ խոհարարների հետ և փոխգործակցությունը միջազգային լսարանի հետ կօգնեն հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանը և կապահովեն արժանի դիրք համաշխարհային գաստրոնոմիկ քարտեզի վրա: Այս ձեռքբերումը մեզ ոգեշնչում է նոր նախագծերի համար, որոնք ուղղված են Հայաստանի խոհարարական ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև դրա ինտեգրմանը համաշխարհային գաստրոնոմիկ համատեքստում»,- ասաց Բադալյանը։

TasteAtlas վարկանիշի մասին

TasteAtlas-ը առցանց հարթակ է, որը հրապարակում է ավանդական ուտեստների, խոհանոցների և խմիչքների վարկանիշերն ամբողջ աշխարհից՝ օգտատերերի և փորձագետների գնահատականների հիման վրա: Այն առանձնացնում է տարածաշրջանների և երկրների լավագույն ուտեստները՝ օգնելով ճանապարհորդներին և գուրմաններին բացահայտել տեղական խոհարարական ավանդույթները: TasteAtlas-ն ամեն տարի կազմում է ցանկեր, ինչպիսիք են «Աշխարհի լավագույն խոհանոցները» կամ «Լավագույն ազգային ճաշատեսակը», որոնք հաճախ արժանանում են ակտիվ քննարկումների։ Այս ռեսուրսը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են ընկղմվել մոլորակի տարբեր անկյունների գաստրոնոմիկ մշակույթի մեջ։