Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը

16.06.2022, 14:14
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի ./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերում վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ «2022 EUROPA Competition» փոստային նամականիշերի մրցույթին Հայաստանից ներկայացված է աշխատանք, որը նկարազարդող Հենրի Ջասթիս Ֆորդի (1860–1941թթ.) նկարի գրագողությունն է:

Խոսքը «Little wildrose peeps down from the eagle’s nest» ստեղծագործության մասին է, որը վիզուալ, իսկապես, նման է Indigo Branding Agency–ի ստեղծագործական թիմի կողմից ստեղծված «Goddess Astghik» (Աստղիկ աստվածուհի) նամականիշին։

ՀայՓոստի պատասխանը

ՀայՓոստի իրավաբանական վարչությունից հայտնեցին հեղինակային իրավունքների ոլորտում հնարավոր խախտման բնորոշման մասին։ 

«Այն հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ է հատուկ գիտելիքներ պահանջող փորձագետների եզրակացություն, որին ՀայՓոստ ՓԲԸ-ն չի տիրապետում», – նշեցին ՀայՓոստից` «Նովոստի–Արմենիա» գործակալության հայցին ի պատասխան։

Ոչ թե կրկնօրինակում, այլ ոգեշնչում

Indigo Branding Agency–ից, մեր թղթակցի հայցին ի պատասխան, հայտնեցին հետևյալը.

«Մեր ընկերությունը հստակ գիտակցում է ստեղծագործությունների նկատմամբ երրորդ անձանց իրավունքների պահպանման կարևորությունը, ուստի չի կրկնօրինակել այլ ոգեշնչվել է գոյություն ունեցող ստեղծագործությունից, դեռ ավելին՝ ոգեշնչվել է մի ստեղծագործությունից, որի նկատմամբ որևէ երրորդ անձ /հեղինակ/ չունի հեղինակային գույքային իրավունքներ, այն հանրային սեփականություն հանդիսացող ստեղծագործություն է»։

Indigo Branding Agency–ից նաև պարզաբանեցին, որ հեղինակային օրենսդրության համաձայն հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի: Գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը, որը կարող է ազատ օգտագործվել յուրաքանչյուր անձի կողմից:

««Little wildrose peeps down from the eagle’s nest» ստեղծագործության հեղինակ, նկարիչ

Հենրի Ջասթիս Ֆորդը մահացել է 1941թ-ին ուստի նրա նկատմամբ հեղինակային գույքային իրավունքների գործողության ժամկետը ավարտվել է դեռևս 2011թ-ին և 2011թ-ից հեղինակի բոլոր ստեղծագործությունները դարձել են հանրային սեփականություն համարվող ստեղծագործություններ, որոնք կարող են ազատ օգտագործվել յուրաքանչյուր անձի, այդ թվում մեր ընկերության կողմից», – նշեցին Indigo Branding Agency–ից։

ՀՀ հեղինակային օրենսդրությունը մշակված, վերամշակված, վերափոխված ստեղծագործությունները դիտարկում է որպես հեղինակային իրավունքով պաշտպանվող ինքնուրույն ստեղծագործություններ, որոնք կոչվում են հեղինակային ածանցյալ ստեղծագործություններ: 

Այսինքն, եթե հեղինակը փոփոխում/վերամշակում է գոյություն ունեցող ստեղծագործությունը, ապա նա ձեռք է բերում հեղինակային իրավունքներ ստեղծած օբյեկտի նկատմամբ, քանի որ վերջինս ոչ թե կրկնօրինակ է, այլ վերամշակման ենթարկված ինքնուրույն ստեղծագործություն։

«Այսպիսով հանրության սեփականություն հանդիսացող ստեղծագործությունից ոգեշնչվելով մենք ստեղծել ենք նամականիշի դիզայն, որն ունենալով իր յուրօրինակ ոճը և գունային լուծումները պաշտպանված է հեղինակային իրավունքներով որպես ինքնուրույն ստեղծագործություն», – նշեցին Indigo Branding Agency–ից։

Ամփոփում

Միաժամանակ ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀայՓոստի աղբյուրները, հայկական կողմը հետ է կանչել մրցույթի մասնակցության հայտը։ Եվ իսկապես, մրցույթի կայքում ընդհանրապես չկա տեղեկություն Հայաստանի մասնակցության մասին։–0–