Հայկական «այո» կամ թուրքական «ոչ»․ ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում

17.04.2024, 22:06
Ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
Հայկական «այո» կամ թուրքական «ոչ»․ ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին հասարակության շրջանում բանավեճեր են առաջանում  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության շուրջ, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության զոհերին։

Պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը

Ապրիլի 24–ից 10 օր առաջ Քոչարյանը խորհրդարանում հայտարարել է, որ պետք է ունենալ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի ցուցակը։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է։ Մինչև մեր անկախանալը դա պետք է աներ եկեղեցին, քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև սփյուռքի կառույցները, պետական բոլոր ինստիտուտները։ Բոլոր զոհերի անուն-ազգանունները պետք է լինեին Երևանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրության տակ», – հայտարարել է Քոչարյանն ապրիլի 15–ին։

Քոչարյանը հակասում է ինքն իրեն

Նույն օրը Քոչարյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։

Իսկ մեկ օր անց նա արդեն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցուցակներ կազմելու մասին իր հայտարարությունը վարչապետի որոշումը չէ, ավելին՝ նման քաղաքական որոշում ևս չկա, և ինքն արտահայտել է իր անձնական կարծիքը։

«Բայց էդ անձնական մոտեցումը հենց էնպես օդից չի եկել: Ես նշել եմ, որ հանդիսանում եմ ժառանգորդը ցեղասպանության ենթարկված ընտանիքի՝ և՛ հայրական կողմից, և՛ մայրական կողմից, հիշողության կրող եմ, ես ասում եմ՝ էդ հիշողությունը պետք է արձանագրվի, փաստագրվի: Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի Ցեղասպանությունը, մոռացեք», – հայտարարել  է նա «Ազատություն» ռ/կ–ին։

«Ազատություն» ռ/կ–ի այն հարցին ի պատասխան, թե Քոչարյանը կասկածի տակ դնու՞մ է ցեղասպանության զոհերի թիվը՝ ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է․ «Ասում եմ, որպեսզի Ձեզ ավելի լավ զգաք, միլիոնուկեսից ավել ա, դա՞ ա խնդիրը»։

«Էդ ամբողջը մեր իրավաբանների համար խիստ անհրաժեշտ են: Ոչ թե միայն թիվ հնչեցնելը, այլ ամեն, անհատապես: Այո, փոխհատուցում էլ կարա լինի: Բա Թուրքիան պետք ա ընդունի, որ այ էս մարդը, որը 15 թվականին զոհվել ա, էսինչ ամսին, էսինչ գյուղում, էսինչ պայմաններում, - իհարկե, իրենք կհերքեն դա, բայց երբ որ դու հասցեական ես տալի, հերքելն էլ ա բարդանում, - ունեցել ա կարողություններ, և էդ կարողությունները էսօր չկան: Բայց կարողությունների շատ շատ ընտանիքներ համապատասխան փաստաթղթերը պահպանել են: Էսօր էլ դատական վեճեր էլ կան», – ասել է Քոչարյանը։

Բացահայտ անարգանք անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։

«Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը` դրանով առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը»,– նշել է Թաթոյանը Facebook-յան իր էջում։

Թաթոյանը հիշեցրել է, որ ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները երբևէ կասկածի տակ չեն դրել 1,5 մլն զոհերի թիվը:

«Դա երբեք քննարկման առարկա էլ չի եղել: Ավելին, զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ։ Ցեղասպանությունը մարդկանց խմբի ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, որ հիմքում ունի ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելիության հիմքով ատելությունը, այլ ոչ թե ուղղակի որոշակի թվով մարդկանց սպանությունը կամ նրանց վերացումը»,– գրել է Թաթոյանը։

Փորձագետը նաև վստահ է, որ այս մոտեցումը նաև բացահայտ անարգանք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ:

Ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է

Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր է համարում՝ հիշեցնելով, ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960- ականներից։

«Ամենավաղ թեզերից մեկն է, որը ասում է՝ զոհված հայերի 1.5 միլիոն թիվը սուտ է, նման բան տեղի չի ունեցել և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն նրանք ստում են ամբողջ երևույթի հարցում», – հայտարարել է նա «Ազատություն» ռ/կ–ին՝ ընդգծելով, որ  թուրքերի ցուցակ կազմելու պահանջին Երևանը մշտապես հակադարձել է՝ էական չէ, թե որքան մարդ է զոհվել, քանի որ ցեղասպանությունը թիվ չէ, դա մարդկանց խմբին ոչնչացնելու մտադրված գործողություն է և կապ չունի, թե այդ խմբում քանի մարդ կա։

Ցեղասպանագետը չի պատկերացնում, թե ինչպես են կազմելու այդ ցուցակները. Օսմանյան կայսրությունը գրեթե գրագրություն չէր իրականացնում։ Ըստ մասնագետի, շատ դեպքերում դա նպատակաուղղված էր արվում, որպեսզի ցույց տային, որ ազգային փոքրամասնությունները շատ քիչ կշիռ ունեն։

«Հետևաբար, միակ աղբյուրը, որի վրա մենք կարող ենք հենվել, հիշողություններն են, վերապրողների հուշերն են: Վերապրել են հիմնականում երեխաները, երեխաները սովորաբար ոչ միայն չէին հիշում շատերի անունները, այլև չէին հիշում իրենց սեփական ազգանունները», – ասել է նա։

1.5 միլիոն թիվն, ըստ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի, ձևավորվել է գերմանազի միսիոներ Յոհաննես Լեփսիսուսի հետազոտությունների հիման վրա, որն այդ ժամանակ աշխատում էր Օսմանյան կայսրությունում և իր հավաքած տվյալները համադրել է տարբեր նահանգներում գործող Գերմանիայի և ԱՄՆ - ի հյուպատոսների և դիվանագետների փաստերի հետ։

Ի՞նչ սպասել ապրիլի 24–ին

Ցեղասպանագետի տպավորությամբ՝ այս ամենը ուղղորդված և կառավարվող քաղաքականություն է։ Նա նշել է, որ վախով է սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը։

«Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ միշտ արվում է, որովհետև իրոք անկանխատեսելի է, չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատենք, որ դրա տակից դուրս գանք», – եզրափակել է ցեղասպանագետը։