«Ակադեմիական դրա՞խտ», թե՞ գերեզմանաքար Հայաստանի բուհերի համար․ ի՞նչ է իրենից ներկայացնելու Ակադեմիական քաղաքը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջերս ակտիվորեն քննարկվում են Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը և դրա հետ կապված փոփոխությունները Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում, մասնավորապես՝ բուհերի համախմբումը։ Երկրի ղեկավարությունն այս նախագիծն անվանում է ռազմավարական կարևոր, ինչպես նաև Հայաստանի ակադեմիական ապագայի զարգացման երաշխիք է համարում։ Սակայն դասախոսական կազմի և մոտակա շրջանների բնակիչների կարծիքները ոչ միանշանակ են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել իրավիճակը։
Այս պահին ի՞նչ է հայտնի նախագծի մասին
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որում նախատեսվում է տեղակայել Հայաստանի բոլոր բուհերն ու գիտական ինստիտուտները, մշակում է գերմանական International GmbH Architects and Engineers ընկերությունը։ Հայեցակարգը ներկայացվել է 2024 թվականի ապրիլին։
Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի կառուցման հիմնական տեղանքը կլինի Երևանի հյուսիս-արևմտյան ծայրամասի 17-րդ թաղամասը։ Այնուհետև այն կզբաղեցնի քաղաքից դուրս գտնվող հողատարածքներ և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի տարածքը, իսկ դեպի արևելք կտարածվի Աշտարակի խճուղու ուղղությամբ։ Ակադեմիական քաղաքը կընդգրկի նաև«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։
Ինչու՞ է կառավարությունը չափազանց հետաքրքրված Ակադեմիական քաղաքի կառուցմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը Հայաստանի համար շատ կարևոր ռազմավարական խնդիր է։ Նրա խոսքով, բուհերի պատճառով Հայաստանը պարբերաբար հայտնվում է միջազգային սկանդալների մեջ. արտասահմանյան մամուլում առնվազն տասնյակ հոդվածներ են հրապարակվում երկրում գործող բուհերի մասին, որոնք կեղծ դիպլոմներ են տալիս։
«Երկարաժամկետ հեռանկարում Երևանում ոչ մի բուհ չպետք է մնա։ Սա մեգա-նախագիծ է, որը երկարաժամկետ հեռանկարում պահանջում է ավելի քան մեկ միլիարդ դոլար»,- ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բուհերի հին մասնաշենքերին, ապա դրանք բոլորը պետք է միավորվեն մեկ կառույցի մեջ և փոխանցվեն միջազգային հեղինակավոր կազմակերպության տնօրինությանը, իսկ այնտեղ գեներացված ողջ եկամուտը պետք է ուղղվի Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը։
Ինչպես նշել է վարչապետը, Ակադեմիական քաղաքի գաղափարով, այդ տարածքում պետք է տեղակայվի մոտավորապես 16 բուհ՝ 8 պետական և մինչև 8 մասնավոր/միջազգային ուսումնական հաստատություններ։
Ըստ ժամանակացույցի՝ նախագծային աշխատանքները կսկսվեն այս տարի, փուլային շինարարությունը նախատեսվում է 2025 թվականից, իսկ առաջին ուսանողները դասերը կսկսեն Ակադեմիական քաղաքում 2030 թվականին։ Ակնկալվում է, որ ժամանակակից «կանաչ» տեխնոլոգիաներով հագեցած Ակադեմիական քաղաքի տարածքում կտեղակայվեն մոտ 44 հազար դասախոսներ, գիտնականներ և ուսանողներ Հայաստանից և արտերկրից։
Ինչ պատմեց նախագծի համակարգող
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նախագիծը համակարգող՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարի պարտականությունները կատարող Կարեն Ղարիբյանը հայտարարեց, որ բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպություններին միավորման, կլաստերների հայեցակարգերի, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի մշակման աշխատանքներում ոչ միայն մանրամասն ուսումնասիրվել է միջազգային հեղինակավոր կառույցների հաջողված փորձը, այլև վերջինները ներգրավվել են գործընթացին։
Արվեստների կլաստերի շուրջ համագործակցություն է ծավալվել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը, ինքնին, 6 արվեստի բուհերի միավորման արդյունքում ձևավորված բուհ է։ տեխնոլոգիական կլաստերի մշակման և Ակադեմիական քաղաքի կառավարման ուղղությամբ համագործակցություն է սկսվել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ՝ որպես բազմաճյուղ, ստարտափերի ընդգրկուն համակարգ ունեցող կառույց, առաջիկայում պլանավորվում է կրթական կլաստերի շուրջ համագործակցություն մեկնարկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթական ինստիտուտի հետ։
«Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ 2025-2027թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Դրան զուգահեռ, բանակցություններ են ընթանում միջազգային խոշոր ներդրումային կազմակերպությունների, մասնավոր ոլորտի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունների հետ, որոնք քաղաքում ունենալու են նաև իրենց գրասենյակները։ Ակադեմիական քաղաքի զարգացման համար մեկ այլ աղբյուր է Երևանում գտնվող բուհերի և կազմակերպությունների շենքերի կառավարումից ստացված եկամուտը»,– ասաց Ղարիբյանը՝ չնշելով անհրաժեշտ ներդրումների կոնկրետ գումարը։
Նրա խոսքով, հայաստանյան պետական բուհերի և գիտական կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո նախատեսվում է վերջիններիս գույքը փոխանցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրինմանը։ Միջազգային փորձագետների ներգրավմամբ նախատեսվում է մշակել այդ շենքերի ու շինությունների օգտագործման առավել նպատակահարմար եղանակ, որն ուղղված կլինի մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար (օրինակ՝ գրասենյակային տարածք, ստարտափների ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն)՝ բացառելով վերջիններիս օտարումը կամ ոչ նպատակային վարձակալությունը։ Գույքի օգտագործումից ստացված շահույթն ուղղվելու է Ակադեմիական քաղաքի կարիքներին:
«Համաձայն հայեցակարգի՝ Ակադեմիական քաղաքի կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին։ Կառուցման փուլը, ըստ հնարավորության, պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում տեղի ունենա կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում: Սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսվանից, սակայն կախված կառուցման ընթացքում որոշակի փուլերի ավարտից՝ կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը», – նշեց Ղարիբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դասախոսական աշխատանքի կառուցվածքը էապես կփոխվի՝ ներառելով դասավանդումաը հետազոտությունների հետ զուգակցելու ավելի շատ հնարավորություններ։ Ավելին, կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար առկա կլինի նաև կացարանային ֆոնդ։
«Ակադեմիական քաղաքը, ի թիվս այլնի, ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը՝ բաց լինելով բոլոր քաղաքացիների համար», – խոստացավ Ղարիբյանը։
Իսկ ի՞նչ են մտածում բուհերի դասախոսները
Բուհերի մի շարք դասախոսներ այս նախագիծը համարում են սպառնալիք Հայաստանի բարձրագույն կրթության համար։ Նրանք նման կարծիք հայտնեցին «Նովոստի–Արմենիա»–ի թղթակցի հետ զրույցում՝ միաժամանակ հրաժարվելով նշել իրենց անուններն ու պաշտոնները։
«Այս նախագիծը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի գերեզմանաքարը։ Սկսենք նրանից, որ Հայաստանը միլիարդ դոլար չունի այս նախագիծն իրականացնելու համար»,- ասաց դասախոսներից մեկը։
Նա հիմնական վտանգը տեսնում է բուհերից տեղափոխվելու և Ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսված՝ բուհերի շենքերի վարձակալությունից եկամուտ ստանալու միջև ընկած ժամանակահատվածում։
«Դա նշանակում է վերադարձ առցանց ուսուցման համակարգին: Միևնույն ժամանակ, Covid-ի և հետկովիդային ժամանակահատվածում հեռավար ուսուցման փորձը ցույց է տվել, թե որքան բացասաբար է այն ազդել Հայաստանի ողջ կրթական համակարգի վրա, և մենք առ այսօր գործ ունենք դրա վնասակար հետևանքների հետ»,- նշեց դասախոսը։
Նրա մեկ այլ գործընկեր էլ վստահեցրեց, որ առանց բարձրագույն կրթական համակարգի Հայաստանը կվերածվի «բանանային» հանրապետության, կդառնա երկիր, որը կարող է աշխարհին առաջարկել ոչ թե ՏՏ և գիտության ոլորտի մշակումներ, այլ հարթակ զբոսաշրջության և ժամանցի համար։
«Սա դրսից դրված պատվերի բացահայտ կատարում է։ Բացի այդ, կան բազմաթիվ անպատասխան հարցեր, օրինակ՝ ինչպիսի տեսք կունենան կլաստերները։ Ամեն դեպքում, նման համակարգի ներդրումը կբերի պրոֆեսորադասախոսական կազմի զանգվածային կրճատման, քանի որ բոլոր ոչ մասնագիտացված ամբիոնները կկրճատվեն»,- ասաց նա։
Մոտակա թաղամասերի բնակիչների կարծիքը
Ապագա Ակադեմիական քաղաքին մոտ գտնվող թաղամասերի բնակիչներից ոմանք կողմ են նախագծին, բայց կան բնակիչներ, որոնց կարծիքն այդքան էլ միանշանակ չէ։ Այսպես, օրինակ, 16-րդ թաղամասի բնակչուհի Աննա Թումյանը մի կողմից կողմ է Ակադեմիական քաղաքի կառուցմանը։
«Որպես մայրիկ՝ ինձ հարմար կլինի, որպեսզի երեխայիս ուսմանր վայրը մոտ լինի։ Դա կհանգեցնի մեր թաղամասի ենթակառուցվածքի զարգացմանը», – նշեց Աննան։
Բայց մյուս կողմից նա համաձայն չէ, որպեսզի բուհերը տեղափոխվեն Երևանի կենտրոնից։
«Քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում են բուհերը, կարծես, փոքրիկ ուսանողական թաղամաս լինի», – նշեց Թումյանը։
17–րդ թաղամասի բնակիչ Մուրադ Մկրտչյանն էլ նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է կապը համայնքում համալսարանի առկայության և նրա սոցիալ–տնտեսական զարգացման միջև։
«Բուհերը սոցիալական, տեխնոլոգիական և տնտեսական նորարարությունների հիմնական շարժիչ ուժն են: Ակադեմիական քաղաքը, որը կառավարությունը ցանկանում է կառուցել Երևանից դուրս, նոր շունչ կհաղորդի Երևանի այս ծայրամասին»,- ասաց նա։
Մկրտչյանի խոսքով, տեղի բնակիչներն ակնկալում են, որ Ակադեմիական քաղաքը կստեղծի նոր աշխատատեղեր, որոնք կբարելավեն կենսամակարդակը, ինչպես նաև կթեթևացնեն ծանրաբեռնվածությունը Երևանի կենտրոնում, որտեղ ներկայումս գտնվում է համալսարանների մեծ մասը:
Տեղանքի ուսումնասիրություն

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն այցելել է «Հայֆիլմի» տարածք, որտեղ նախագծով նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը։ Առաջին հերթին ուշադրություն գրավեց այն փաստը, որ «Հայֆիլմի» տարածքի շուրջ թանկարժեք առանձնատների ակտիվ շինարարություն է ընթանում։ Տարածքը դեռևս ոչ մի կերպ պարսպապատված չէ, և նույնիսկ մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակիցները տեղյակ չեն մի քանի ամսից սկսվող հսկայածավալ շինարարության մասին։ «Նովոստի–Արմենիա» գործակալության տեսանյութում և լուսանկարներում երևում է, թե այսօր ինչ տեսք ունի տարածքը, որտեղ իշխանությունները նախատեսում են կառուցել «ակադեմիական դրախտ»։

