ԵՄ–ն ակնկալում է կոնկրետ առաջընթաց Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացում․ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԵՄ–ն ակնկալում է կոնկրետ առաջընթաց Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացում, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, և ակնկալում ենք կոնկրետ առաջընթաց այս ոլորտում: Կա գործողությունների ծրագիր, կառավարությունը աշխատում է դրա վրա», – Մարագոսի խոսքերը մեջբերում է «Ազատություն» ռ/կ–ն։
Նրա խոսքով, գործընթացի հետագա առաջխաղացումը մեծամասաբ կախված է հայկական կողմից նախատեսված միջոցառումների կատարումից։
«Գնդակը «հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է։ Ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ», – ասել է Մարագոսը։
Նա վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի ու Եվրոպական միության միջև շարունակվող բանակցություններն անվանել է երկու երկրների հարաբերությունների սերտացման վկայություն։
Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ պաշտոնական երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: Դրա վերջնական նպատակն է Հայաստանի քաղաքացիների համար դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ առանց վիզայի այցելությունների հնարավորությունը՝ անհրաժեշտ պահանջների կատարման պայմանով:
2025 թվականի նոյեմբերին Հայաստանին է փոխանցվել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP), որը նախատեսում է բարեփոխումների իրականացում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, հասարակական կարգի և անվտանգության, ինչպես նաև հիմնարար իրավունքների ոլորտում:
Գործողությունների ծրագրի կատարումը չի նշանակում առանց վիզայի ռեժիմի ավտոմատ ներդրում. սահմանված չափանիշների կատարման վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականից հետո համապատասխան որոշումը պետք է անցնի ԵՄ-ում նախատեսված ընթացակարգերը:

