Հայաստանը չի ուզում իր կապերը ընդհատել Ռուսաստանի հետ, այլ ուզում է խորացնել նոր միջավայրում և նոր պայմաններում․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի ուզում իր կապերը ընդհատել Ռուսաստանի հետ, այլ ուզում է խորացնել նոր միջավայրում և նոր պայմաններում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք ուզում ընդհատել կապերը ՌԴ-ի հետ, այլ ուզում ենք խորացնել, բայց նոր միջավայրում», – ասել է Փաշինյանը շաբաթ օրը Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդման եթերում։
Նրա խոսքով, Ռուսաստանի հետ կապված Հայաստանի ռազմավարությունը հետևյալն է․ ՌԴ-ի հետ հարաբերությունները անկասկած փոխվելու են։
«Ընդ որում դա կախված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ, ով էլ լինի՝ ՀՀ և ՌԴ հարաբերությունները չեն կարող լինել ինչպես նախկինը։ Նախկինը լինելու համար Հայաստանը պետք է նորից կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ ՀՀ-ում խաղաղության միջավայր է՝ ՀՀ և ՌԴ հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև մի բան է ՀՀ ՌԴ հարաբերությունները հակամարտության պայմաններում, մեկ այլ բան է՝ խաղաղության պայմաններում», – ասել է վարչապետը։
Նրա խոսքով, պետք է տեղի ունենա ադապտացիա նոր իրավիճակին։
«Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա։ Մենք չենք ուզում մեր կապերը ընդհատել ՌԴ-ի հետ, այլ ուզում ենք խորացնել մեր կապերը, բայց նոր միջավայրում և նոր պայմաններում։ Մենք չենք կռվելու և չենք վիճաբանելու ՌԴ-ի հետ, մենք շարունակաբար հանդարտ մթնոլորտում ներկայացնելու ենք մեր դիրքորոշումները, որոնք պետք է լինեն լեգիտիմ», – հայտարարել է վարչապետը։
Ինչ վերաբերում է ՌԴ առաջիկա այցի օրակարգին, Փաշինյանը նշել է, որ քննարկվելու են հնարավոր բոլոր հարցերը և դրանց լուծման հնարավոր բոլոր տարբերակները։

