Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան - Հնդկաստան համագործակցության խորացումը մի շարք ուղղություններով
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։
Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

