Բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընդունել մկրատաձև դիրք. ՆԳՆ ՓԾ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 5-ին՝ ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բեռնատար մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Հատուկ տեխնիկայի միջոցով և փրկարարների օգնությամբ (քարշակմամբ) բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված։
Ըստ տրամադրված հաղորդագրության, երթևեկությունը երկկողմանի բացվել է՝ մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա շարունակել է ընթացքը։



