Viva–ն ձեռք է բերել Ovio–ն․ ինչ կփոխվի բաժանորդների և Հայաստանի թվային էկոհամակարգի համար
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարք է կնքել, հաղորդում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը։
Ընկերությունից նշել են, որ գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։
Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։
Viva-ից նշում են, որ կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։
Ընկերության տվյալներով, Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։
Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում։

