ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ

06.07.2026, 17:01
Շուրջ 630 մլն դրամ կբռնագանձվի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,

- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,

- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,

- Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:

- 352 միլիոն 438 հազար դրամ», - նշված է հաղորդագրության մեջ: