Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում. Ավինյան

06.07.2026, 10:55
Ըստ քաղաքապետի՝ աճի տեմպերն արդեն գործողություններ են պահանջում, սակայն դրանք պետք է լինեն տրամաբանական և իրականացվեն հստակ այլընտրանքի առկայության դեպքում
Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մարդատար մեքենաների քանակի աճի հետևանքով առաջացած խցանումները պահանջում են նոր կառավարման մեխանիզմներ և կանոնակարգեր։

«Եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են մի իրավիճակի, երբ որևէ մեկն իր մեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու շարժվել», - ասաց Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ըստ քաղաքապետի՝ աճի տեմպերն արդեն գործողություններ են պահանջում, սակայն դրանք պետք է լինեն տրամաբանական և իրականացվեն հստակ այլընտրանքի առկայության դեպքում։

«Գործողությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա հանրային տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայով», - նշեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին քաղաքի ամենասուր խնդիրը խցանումներն են, որոնց հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների ահագնացող քանակն է, ինչը կառավարելու համար նոր լուծումներ են անհրաժեշտ։