Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. Իվետա Տոնոյան

06.07.2026, 11:58
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությունները որակել է որպես ճնշման փորձ
Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությունները որակել է որպես ճնշման փորձ։

Ինչպես հայտնել է Տոնոյանը լրագրողների հետ զրույցում, խուզարկության գործողությունները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ժամը 07։16-ին։

«Այս լայնածավալ գործողությունները վկայում են մեկ բանի մասին, որ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա», - ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով շրջանառվող հնարավոր մեղադրանքներին՝ մամուլի քարտուղարը նշել է, որ իրենք դրանց մասին տեղեկացել են միայն մամուլից։

«Մենք ևս, անկեղծորեն, մամուլից ենք տեղեկացել, թե ինչ հոդվածներ են շրջանառվում կոնկրետ պարոն Ծառուկյանի անձի, ինչպես նաև մի շարք ձեռնարկությունների հետ կապված՝ փողերի լվացում, հարկերից խուսափում։ Բայց սա մամուլից ստացած տեղեկատվություն է, որովհետև Քննչական կոմիտեն առ այս պահը հարկ չի համարում որևէ պաշտոնական պարզաբանում տալ այս հարցի հետ կապված», - նշեց Տոնոյանը։

Նա հայտնեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքի անդամները այս պահին գտնվում են տանը։

Վաղ առավոտյան Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։